Հաստատվել են հունիսի 24-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը: Կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
Տարբերանշանը շրջանաձև է, հիմքում Խոր վիրապի վանքի և բիբլիական Արարատ լեռան պատկերն է: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 14 տարի եղել է բանտարկված Արտաշատի վիրապում, որի վրա հետագայում կառուցվել է վանքը: Սուրբ Գրիգորը դարձավ հայոց ազգի առաջին Հայրապետը և Տրդատ Գ Մեծ թագավորի հետ քրիստոնեությունը Հայաստանում հռչակեց պետական կրոն։ Տարբերանշանի գույներն են մանուշակագույնը և դեղինը, որոնք արտացոլում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Հռոմի Կաթողիկե եկեղեցու պաշտոնական գույները: Տարբերանշանում ներառված են երկու եկեղեցիների զինանշանները: Շրջանակի երկայնքով գրությունն արտացոլում է բուն այցը՝ «Ֆրանցիսկոս պապ. Հայաստան. 24-26 հունիս, 2016»: